Զանգակատուն (Արարատի մարզ)

Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։ Նախկինում ունեցել է Չանախչի, Չանախչի Ներքին, Չանախչի Նոր, Սովետաշեն անվանումները։ 1948 թվականից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։
Գյուղը վերաբնակեցվել է 1828-1830 թթ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն` Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը, որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5-րդ դար)։ Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր։ Գյուղից 7-8 կմ հյուսիս-արևելք` լքված Հորթուն գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին։
Զանգակատունը հայտնի է որպես բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի ծննդավայր։ Զանգակատանը` Պարույր Սևակի տուն-թանգարանի հարևանությամբ` իր առանձնատան բակում թաղված է Պարույր Սևակը։
Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։ Ծովի մակարդակից ունի մոտ 1650 մ բարձրություն։ Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400մ-ից մինչև 2947 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ։
Բնակչություն
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 209 | 1129 | 619 | 1124 | 814 | 968 | 972 | 1142 | 1159 | 1218 | 2819 |

Գյուղն ունի առկա 358 տնտեսություն։ Բնակիչները բոլորը հայեր են, գյուղում ազգային փոքրամասնություններ չկան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Համայնքում գործում է մանկապարտեզ, մեկ միջնակարգ դպրոց։ Համայնքն ունի մշակույթի տուն, գործում է բուժական ամբուլատորիա։ Համայնքն ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով, գործում է փոստային բաժանմունք։
ԱՎԵԼԱՑՐԵՑ Davo-Adm
Դիտվել Է 381
Հասարակական